Փողերի լվացմանը նախորդող հանցանք կամ հանցագործություն, որը նախադրյալներ է ստեղծում փողերի լվացման համար.

Դա ցանկացած տեսակի քրեական հանցանք է, որի արդյունքում ստացված եկամուտները կարող են դառնալ փողերի լվացման հանցանքի առարկա։ Սա նշանակում է, որ մինչ փողերի լվացման իրականացումը կատարվում է մեկ այլ հանցագործություն՝ ապօրինի ճանապարհով ստացված միջոցներին օրինական տեսք տալու նպատակով։

Ըստ Վիեննայի կոնվենցիայի սահմանման՝ նախորդող հանցանքները սահմանափակվում էին միայն թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, իսկ այնպիսի հանցանքներ, ինչպիսիք են, օրինակ, խարդախությունը, կոռուպցիան, թրաֆիքինգը չէին մտնում Վիեննայի կոնվենցիայում փողերի լվացման հետ կապված հանցագործությունների սահմանման մեջ: Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ նմանատիպ հանցանքների թվին պետք է դասվեն նաև այնպիսի հանցանքներ, որոնք կապված չեն թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ, բայց որոնց արդյունքում նույնպես իրականացվում է փողերի լվացում: FATF-ը և այլ միջազգային կազմակերպություններ ընդլայնեցին Վիեննայի կոնվենցիայում տրված սահմանումը՝ ներառելով այլ լուրջ հանցագործություններ նույնպես։ Այսօր դրանց թվին են դասվում․

թրաֆիքինգը

զեղծարարությունը

թմրանյութերի վաճառքը

ահաբեկչության ֆինանսավորումը

հարկերից խուսափումը և կոռուպցիան

պատժամիջոցների շրջանցումը

Վերջին տարիներին այս շրջանակը սկսել է ներառել նաև նոր ոլորտներ, ինչպիսիք են կիբերհանցագործությունը և էկոլոգիական հանցագործությունները: Վերոնշյալ հանցանքները ծառայում են որպես միջոցների ստացման ապօրինի աղբյուր, որոնք հետագայում կիրառվում են փողերի լվացման գործընթացում՝ դրանք օրինականացնելու համար:

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կայուն իրավական դաշտը երկրին տալիս է զգալի առավելություններ ինչպես ներքին կարգավորումների, այնպես էլ միջազգային մակարդակով: Այս առավելություններից են հանցավորության և կոռուպցիայի մակարդակի նվազեցումը, ֆինանսական հաստատությունների կայունության բարձրացումը, տնտեսական զարգացումը և համաշխարհային հանրության շրջանում երկրի հեղինակության բարձրացումը։ Տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում, իրականացվում են փողերի լվացմանը նախորդող հանցանքների դեմ պայքարին ուղղված մի շարք միջոցառումներ՝ օրենսդրական բարեփոխումներ, ֆինանսական գործարքների մոնիթորինգի ուժեղացում, միջազգային համագործակցության ապահովում, իրավապահ մարմինների ուսուցում և աջակցում։ Այս միջոցների համակցված կիրառումը կարող է օգնել երկրներին վերահսկել ապօրինի միջոցների հոսքերը և ավելի արդյունավետ պայքարել փողերի լվացմանը նախորդող հանցանքների դեմ: