Փողերի լվացման փուլերը

Փողերի լվացման գործընթացը, որպես կանոն, բաղկացած է երեք փուլից․

տեղաբաշխում, երբ անօրինական դրամական միջոցները մտնում են օրինական ֆինանսական համակարգ

շերտավորում, երբ միջոցներն անընդհատ տեղաշարժվում են՝ շփոթություն ստեղծելու և դրանց ծագման իրական աղբյուրը քողարկելու նպատակով

օրինականացում, երբ դրամական միջոցները ներդրվում են տնտեսության մեջ, կամ ձեռք է բերվում անշարժ գույք և թանկարժեք իրեր՝ տպավորություն ստեղծելով, որ դրանք օրինական ծագում ունեն

Ստորև մանրամասն ներկայացվում են փողերի լվացման փուլերը, դրանց իրականացման մեթոդներն ու հաջորդականությունը։

Տեղաբաշխում (Placement)

Սա փողերի լվացման գործընթացի առաջին փուլն է, որի ընթացքում ապօրինի եկամուտները մուտքագրվում են ֆինանսական համակարգ՝ հիմնականում կանխիկ եղանակով:

Առաջին փուլում կիրառվող հիմնական մեթոդներն են․

  • Կասկած չառաջացնելու նպատակով համեմատաբար փոքր դրամական միջոցների մուտքագրում, մասնատումների միջոցով
  • Օֆշորային հաշիվներից փոխանցվող գումարների մուտքագրումով

Շերտավորում (Layering)

Շերտավորման փուլը սկսվում է դրամական միջոցների ֆինանսական համակարգ մուտք գործելուց հետո: Այն իրենից ենթադրում է ֆինանսական գործարքների բարդ շղթա, որի միջոցով ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն իրենց աղբյուրներից տարանջատվում են՝ թաքցնելու համար միջոցների ծագման աղբյուրը և իրական շահառուին։ Օրինակ՝ բրոքերային ընկերության հաշվին փոխանցվում են դրամական միջոցներ, որին հաջորդում է այդ միջոցների հապճեպ դուրսբերումը և փոխանցումը երրորդ անձի բանկային հաշվին, բայց ոչ այն բանկում, որի միջոցով բրոքերն ի սկզբանե մուտքագրել է դրամական միջոցները։ Դա իրավապահ մարմինների համար դժվարացնում է ապօրինի միջոցների ծագման աղբյուրի բացահայտումը և դրանց տեղաշարժին հետևելու գործընթացը:

Շերտավորումը կարող է իրականացվել հետևյալ մեթոդներով․

  • Կեղծ փաստաթղթերի հիման վրա փոխանցումներ
  • Փոխառության տրամադրումներ
  • Վիրտուալ ակտիվների կիրառմամբ գումարի արագ վերափոխում
  • Շահառուի քողարկում

Օրինականացում (Integration)

Օրինականացումը փողերի լվացման վերջին, եզրափակիչ փուլն է, որը ենթադրում է ապօրինի եկամուտներին օրինական տեսք հաղորդելու նպատակով դրանց օգտագործումը այնպիսի գործարքներում, որոնք առաջին հայացքից կասկածելի չեն թվում։ Դա թույլ է տալիս ապօրինի ճանապարհով ստացված միջոցները կիրառել հետագա հանցավոր գործունեության կամ անձնական կարիքների ֆինանսավորման համար՝ հայտնաբերման նվազագույն ռիսկով:

Օրինականացման հիմնական մեթոդներն են․

  • Ներդրումների իրականացում արդեն իսկ գործող բիզնեսում
  • Անշարժ գույքի, թանկարժեք իրերի, արվեստի գործերի գնման միջոցով օրինականացում

Վերոնշյալ երեք փուլերի իրականացման արդյունքում հանցագործները կարող են արդյունավետորեն թաքցնել ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված միջոցները, ֆինանսավորել նոր անօրինական գործողություններ և խուսափել հարկերից։ Շատ հաճախ հանցագործների կողմից փողերի լվացման եղանակները ենթարկվում են փոփոխությունների, ինչն էլ խոչընդոտ է հանդիսանում դրանց բացահայտման և կանխարգիչ միջոցառումների իրականացման համար։

Ի պատասխան փողերի լվացման աճող սպառնալիքի՝ ամբողջ աշխարհում ներդրվում են փողերի լվացման դեմ պայքարի կանոնակարգեր, որոնք ուղղված են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարին և ֆինանսական հաստատությունների կողմից համապատասխան իրավական պահանջների կատարմանը: Այս կանոնակարգերը կարևոր դեր են խաղում փողերի լվացման դեպքերի բացահայտման և կանխարգելման գործում՝ օգնելով պահպանել ֆինանսական համակարգի ամբողջականությունն ու անվտանգությունը։