ՄԱՆԻՎԱԼ․ Հայաստանը ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային համակարգի համատեքստում

Եվրոպայի խորհրդի՝ հանցավորության խնդիրներով Եվրոպական կոմիտեի ենթակոմիտեն (Council of Europe Anti-Money Laundering Group (MONEYVAL)) ձևավորվել է 1997 թվականին և հանդիսանում է FATF տիպի տարածաշրջանային մարմիններից մեկը։ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ստանդարտների տարածման և միջազգային մակարդակով կիրառման գործում կարևոր դեր են խաղում աշխարհի տարբեր տարածաշրջաններում ստեղծված FATF տիպի տարածաշրջանային մարմինները։ Նրանց գլխավոր նպատակը համապատասխան տարածաշրջաններում իրենց անդամ երկրների ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ազգային համակարգերի փոխադարձ գնահատումների և տվյալ տարածաշրջանին բնորոշ փողերի լվացման միտումների և մեթոդների ուսումնասիրության միջոցով ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ազգային համակարգերը միջազգային չափանիշներին՝ մասնավորապես FATF-ի 40+9 հանձնարարականներին համապատասխանեցնելն է։ FATF-ի հետ համատեղ նրանք ձևավորում են միասնական համակարգ՝ միջազգային ստանդարտների տարածման և ներդրման, ինչպես նաև ազգային մակարդակով դրանց կատարման վերահսկողությունը ապահովելու համար:

Որպես FATF տիպի տարածաշրջանային մարմին ՄԱՆԻՎԱԼ-ը նույնպես նպատակ ունի նպաստել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման դեմ պայքարի արդյունավետ ազգային համակարգերի ձևավորմանը և ապահովել դրանց համապատասխանությունը միջազգային ստանդարտներին։ ՄԱՆԻՎԱԼ-ը սերտորեն համագործակցում է FATF-ի հետ, մշակում է ՓԼ/ԱՖ մեթոդների և բացահայտման եղանակների վերաբերյալ տիպաբանություններ:

Իր անդամակից երկրներում ՄԱՆԻՎԱԼ-ը պարբերաբար անց է կացնում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի իրավական և ֆինանսական ոլորտների գնահատումներ: Գնահատման արդյունքում կազմվում են հաշվետվություններ, որոնց հիման վրա էլ տրվում են հանձնարարականներ՝ ուղղված համակարգում անհրաժեշտ կարգավորմների իրականացմանը և միջազգային ստանդարտներին համապատասխանության ապահովմանը։

Ներկայումս ՄԱՆԻՎԱԼ-ին անդամակցում է 35 պետություն, որոնք անցնում են փոխադարձ գնահատումներ: 2001 թվականից ՄԱՆԻՎԱԼ-ի անդամակից երկրներից է նաև Հայաստանը։ Որպես ՄԱՆԻՎԱԼ-ի անդամ Հայաստանը անցել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 1-ին փուլի (2004 թ․), 3-րդ փուլի (2009թ.) և 5-րդ փուլի (2015թ.) գնահատումները: Գնահատումների արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանը բավարար մակարդակ է ապահովում միջազգային համագործակցության, իրավաբանական անձանց թափանցիկության, ահաբեկչության ֆինանսավորման դեպքերի քննության և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև ԶՈԶ տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտներում, իսկ որոշ հարցերի առնչությամբ արձանագրվել է նաև լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտություն։

2018թ.-ի մարտի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել են ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում և այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը՝ ուղղված 2015թ.-ի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի փորձագետների կողմից ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքում արձանագրված հանձնարարականների կատարմանը։ Ձեռնարկվել են մի շարք աշխատանքներ՝ ուղղված ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտի կարգավորմանը․

օրենսդրական բարեփոխումներ

ֆինանսական մոնիթորինգի ուժեղացում

ոլորտի աշխատակիցների համար համապատասխան ուսուցման կազմակերպում

միջազգային համագործակցության ապահովում

Վերոնշյալ միջոցառումների ներդրման և անհրաժեշտ փոփոխությունների իրագործման ուղղությամբ վերջին տարիներին ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել։