FATF․ «Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի» ձևավորումը
Նախորդ հրապարակման մեջ խոսել ենք փողերի լվացման դեմ պայքարի զարգացման առաջին փուլի մասին, որտեղ, ինչպես նշվեց, ոլորտի կարգավորման համար առանցքային նշանակություն ունեին Վիեննայի և Ստրասբուրգի կոնվենցիաներն ու դրանցում տեղ գտած դրույթները։ ՓԼ դեմ պայքարի զարգացման հետագա ընթացքը կապված է Փարիզում «Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի» (Financial Action Task Force-FATF) ձևավորման հետ, որն էլ հետագայում դարձավ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ստանդարտների և մեխանիզմների մշակման համաշխարհային մակարդակով կարևորագույն մարմիններից մեկը:
FATF-ը ձևավորվել է 1989 թվականի հուլիսին Փարիզում։ Մինչ օրս նրան անդամակցում են 32 երկիր, երկու միջազգային կազմակերպություն (Եվրոպական հանձնաժողովը և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը), ինչպես նաև ընդգրկված են Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի կարևորագույն ֆինանսական կենտրոնները:
Կազմակերպության գլխավոր նպատակն ու խնդիրն էր մշակել փողերի լվացման դեմ պայքարի ստանդարտներ, որոնք կիրառելի կլինեին միջազգային մակարդակով: Այս նպատակով ընդունվում են FATF-ի 40 հանձնարարականները, որոնք ընդգրկում էին նաև Վիեննայի և Ստրասբուրգի կոնվենցիաներում տեղ գտած սկզբունքները։ Դրանք ցույց էին տալիս, թե տարբեր երկրների պետական և իրավապահ մարմինների, վարկային և ֆինանսական կազմակերպությունների կողմից ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն ապօրինի ստացված եկամուտների իրացման դեմ պայքարի համար։
FATF-ի 40 հանձնարարականներն առաջին անգամ հրապարակվել են 1990 թ․-ին։ Հետագայում դրանք պարբերաբար թարմացվել և համապատասխանեցվել են ոլորտի պահանջներին՝ առնչվելով հետևյալին․
ֆինանսական և ոչ ֆինանսկան հաստատություների ռիսկերի գնահատմանն ու ռիսկահենք մոտեցման կիրառմանը
համապատասխանության ոլորտը կարգավորող իրավական ակտերի մշակմանը
ֆինանսական համակարգի կարգավորումներին
իրավաբանական անձանց և կազմակերպությունների թափանցիկության ապահովմանը
միջազգային համագործակցությանը
Ի սկզբանե FATF-ի հանձնարարականները ներառում էին միայն փողերի լվացմանն առնչվող հարցեր, սակայն 2001 թ․ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո ահաբեկչության ֆինանասավորումը դարձավ համաշխարհային մակարդակով գերակա խնդիր, և FATF-ն ընդունեց ու հրապարակեց նաև ահաբեկչության ֆինանսավորման մեթոդների և գործելաոճի հայտնաբերմանն ուղղված հատուկ 9 հանձնարարականներ։
2000թ. հունիսին առաջին անգամ հրապարակվեցին FATF-ի «սև» և «մոխրագույն» ցուցակները, որոնց մեջ ներառված էին այն երկրները, որոնք, հանձնաժողովի կարծիքով, չէին մասնակցում փողերի լվացման դեմ պայքարի միջազգային գործընթացի ապահովմանը:
Այսպիսով, FATF-ի հանձնարարականները դարձան միջազգային նորմեր, որոնք ընդգրկում էին Վիեննայի կոնվենցիայով սահմանված դրույթները՝ միաժամանակ կոչ անելով դրանք կիրառել ոչ միայն թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման, այլև ցանկացած այլ լուրջ հանցագործություններից ստացված եկամուտների իրացման դեմ պայքարի համար:
Հայաստանը նույնպես շարունակական քայլեր է ձեռնարկում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգը FATF-ի հանձնարարականներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Պարբերաբար թարմացվում են ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերի նախագծերը՝ ապահովելու համար ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի կարգավորումները, կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացումը և համապատասխանությունը միջազգային չափանիշներին: