ՓԼ դեմ պայքարի զարգացման պատմությունը
Ինչպես արդեն գիտենք, «փողերի լվացում» տերմինի ծագումը կապվում է Ալֆոնս Գաբրիել Կապոնեի անվան հետ, որն իր ստեղծած լվացքատների ցանցի օգնությամբ խառնում էր հանցավոր գործունեությունից ստացված եկամուտները օրինական կանխիկ եկամուտի հետ և այդպիսով «լվանում», այսինքն՝ օրինականացնում դրանք: Ավելի ուշ՝ քսաներորդ դարի 80-90-ական թվականներին, աշխարհի շատ երկրներում փողերի լվացման դեմ պայքարի հիմնախնդիրը դարձավ ավելի արդիական, իսկ այսօր այն արդեն համաշխարհային մակարդակով կարևորագույն խնդիրներից է։
Փողերի լվացման դեմ պայքարի պատմության առաջին փուլն ի սկզբանե կապված էր ավելի ծանր հանցագործության՝ թմրանյութերի վաճառքի հետ: 1988 թ. շուրջ 170 երկրների կողմից ստորագրվեց «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի առաջին միջազգային կոնվենցիան (Վիեննայի կոնվենցիա), որի մասնակիցները պարտավորվում էին ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ուղղված ոչ միայն թմրանյութերի և հոգեմետ միջոցների իրացման, այլև նման գործունեության արդյունքում իրականացվող փողերի լվացման դեմ պայքարին: Չնայած նրան, որ այստեղ բառացի չի օգտագործվել «փողերի լվացում» տերմինը, հենց այս ժամանակ են առաջին անգամ թվարկվել այն գործողությունները, որոնք համապատասխանում են հանցագործության ժամանակակից նկարագրին։
Վիեննայի կոնվեցիայից երկու տարի անց՝ 1990 թ. նոյեմբերին, Եվրոպայի Խորհուրդն ընդունեց «Հանցավոր գործունեությունից եկամուտների լվացման, հայտնաբերման, առգրավման և բռնագրավման մասին» Ստրասբուրգի կոնվենցիան, համաձայն որի Եվրոպայի խորհրդի անդամ երկրները պետք է մշակեին կոնվենցիայի դրույթներին համապատասխան օրենքներ՝ ներառելով հետևյալը․
որպես փողերի լվացման նախորդող հանցագործություն որակել ցանկացած հանցավոր գործունեություից ստացված ապօրինի եկամուտները (ոչ միայն թմրանյութերի առևտրից),
ընդունել ապօրինի ճանապարհով ստացված գույքի բռնագանձման մասին օրենք,
ամրապնդել միջազգային համագործակցությունը (աջակցել հետաքննությանը, ակտիվների սառեցմանը, ճանաչել այլ երկրների դատական որոշումները)։
Հետագայում Վիեննայի և Ստրասբուրգի կոնվենցիաներում տեղ գտած դրույթները հիմք հանդիսացան Փարիզում «Փողերի լվացման դեմ պայքարի հատուկ ֆինանսական հանձնաժողովի» (Financial Action Task Force-FATF) ձևավորման համար, որի մասին մանրամասն կխոսենք հաջորդ հրապարակման մեջ։