Ներածություն
Վերջին տարիներին միջազգային կառույցների և կառավարությունների կողմից սահմանվող Տնտեսական պատժամիջոցները դարձել են միջազգային դիվանագիտության կարևոր գործիքներից մեկը, իսկ մեծ պետությունների համար նաև արտաքին քաղաքականության մաս։ Դրանք որպես կանոն նպատակ են ունենում ազդելու այլ երկրների իշխանությունների վրա՝ ակնկալելով վերջիններիս կողմից միջազգային նորմերի և օրենքների պահպանում։ Պատժամիջոցները ուժի կիրառման այլընտրանք են և նպատակ ունեն պատժամիջոցներում ներառված անձաց, կազմակերպությունների, պետական կառույցների նկատմամբ ճնշում գործադրելու միջոցով փոխել երկրի վարքագիծը կամ արտաքին քաղաքականությունը։
Թեև վերջին մի քանի տասնամյակների ընթացքում պատժամիջոցների կիրառման մեթոդները զգալիորեն փոխվել են, սակայն դրանց էությունը սկզբունքորեն նույնն է մնացել։ Եթե Սառը պատերազմի տարիներին դրանք միայն ԱՄՆ կողմից կիրառված ընդհանուր բնույթի սահմանափակումներ են եղել, ապա 2000-ականների սկիզբից արդեն նշանակալի էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից կիրառված արգելքները, ֆինանսական միջոցների սառեցումները՝ պայմանավորված Իրաքի, Իրանի իշխանությունների վարած քաղաքականությամբ, իսկ հետագայում նաև ահաբեկչության աջակցելու հետ կապված տարբեր անձանց նկատմամբ կիրառված պատժամիջոցներով։
Ի՞նչ տեսակի պատժամիջոցներ են այսօր կիրառվում և ում կողմից
Պատժամիջոցների կիրառմամբ կարող են սահմանափակվել այնպիսի տնտեսական գործունեություններ, ինչպիսիք են առևտուրը, ֆինանսական գործառնությունները, ներդրումները, որոնք միտված են ճնշում գործադրել թիրախի նկատմամբ և թուլացնել վերջինիս ազդեցությունը: Տնտեսական սահմանափակումներից զատ պատժամիջոցներ կարող են կիրառվել նաև երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների և անձանց տեղաշարժի նկատմամբ։
Մեր օրերում ամենից հաճախ կիրառվող պատժամիջոցները թերևս տնտեսական պատժամիջոցներն են։ Վերջիններս ունեն մի քանի տարատեսակներ[1] և յուրաքանչյուրը նախատեսված է որոշակի նպատակների հասնելու համար։
Առևտրի էմբարգո. սահմանափակվում կամ արգելվում են հատուկ ապրանքների կամ ծառայությունների ներմուծումը կամ արտահանումը թիրախի և պատժամիջոցները կիրառող երկրների միջև: Առևտրային էմբարգոն կարող է լինել համապարփակ կամ նպատակային՝ կենտրոնանալով կոնկրետ սեկտորների կամ ոլորտների վրա:
Ֆինանսական պատժամիջոցներ. ներառում են ակտիվների սառեցում, ֆինանսական գործարքների արգելափակում և պատժամիջոցների ենթակա անձանց, կազմակերպությունների կամ երկրների բանկային համակարգերի հասանելիության սահմանափակում․ նպատակ ունեն խաթարել թիրախի ֆինանսական կայունությունը։
Ներդրումների սահմանափակումներ. խափանում են թիրախային երկրների տնտեսությունում օտարերկրյա ներդրումները: Դրանք կարող են խոչընդոտել տնտեսական աճին և զարգացմանը՝ նվազեցնելով կապիտալի ներհոսքը։
Արտահանման արգելք. Արտահանման արգելքը սահմանափակում է երկակի օգտագործման ապրանքների և տեխնոլոգիաների վաճառքը կամ փոխանցումը թիրախային երկրին, որոնք հատկապես ռազմական կիրառություններ ունեն:
Արտարժույթի փոխանակում և վճարման սահմանափակումներ. այս միջոցները կարող են սահմանափակել մուտքը դեպի արտարժույթային և միջազգային վճարային համակարգեր՝ դժվարացնելով թիրախային կողմի ներգրավումը համաշխարհային առևտրում:
Կառավարությունները և միջկառավարական կազմակերպությունները, ինչպիսիք են Միացյալ Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) և Եվորմիությունը (ԵՄ), սահմանում են պատժամիջոցներ՝ օրենքների և կանոնակարգերի ընդունման միջոցով: ՄԱԿ-ի կողմից ընդունած պատժամիջոցները կոչվում են «բանաձևեր», իսկ ԵՄ-ն անվանում է դրանք «սահմանափակող միջոցներ»:
ՄԱԿ-ը պատժամիջոցներն օգտագործում է որպես միջազգային խաղաղության և անվտանգության հասնելու միջոց՝ հիմնվելով իր հիմնադիր փաստաթղթի՝ Կանոնադրության VII-րդ գլխի 41-րդ հոդվածի վրա:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում երկրի նախագահն օժտված է պատժամիջոցներ կիրառելու լայն լիազորություններով՝ համաձայն Կոնգրեսի կողմից ընդունած երկու օրենսդրական ակտերի՝ «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքի (IEEPA) և «Թշնամու հետ առևտրի մասին» օրենքի (TWEA): ԱՄՆ-ում պատժամիջոցների կիրառման պատասխանատվությունը դրված է ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) վրա։
Բացի այդ, ԱՄՆ-ի առևտրի նախարարության «Արդյունաբերության և անվտանգության բյուրոն» (BIS) վարում է մերժված անձանց ցանկ, ովքեր չեն կարող իրականանցնել ԱՄՆ ծագման ապրանքների արտահանում կամ վերաարտահանում: BIS-ը առաջնորդվում է «Արտահանման վարչարարության կանոնակարգ»-ով (EAR):
ԵՄ-ի սահմանափակող միջոցները մշակվում են «Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության» կողմից և համաձայնեցվում են Եվրամիության խորհրդի կողմից: ԵՄ-ն պատժամիջոցներ է ընդունում կառույցի «Միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության» (CFSP) կողմից ընդունված որոշումների միջոցով:
Թեև պատժամիջոցները կարող են ծառայել որպես միջազգային անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության միջոցներ, սակայն ինչպես ականատես ենք լինում մեր օրերում, դրանք շատ հաճախ հանգեցնում են նաև բարդ աշխարհաքաղաքական, էթիկական և հումանիտար խնդիրների:
Պատժամիջոցների կիրառման հիմնավորումները
Պատժամիջոցները կիրառվում են ի պատասխան միջազգային նորմերի խախտումների, որոնք առանձնանում են ըստ հետևյալ հիմնավորումների՝
ա. Խաղաղության և անվտանգության հաստատում. Պատժամիջոցները կարող են օգտագործվել հակամարտության սրումը և ագրեսիվ գործողությունները կանխելու, կամ ներգրավված կողմերին պարտադրելու գտնել դիվանագիտական լուծումներ:
բ. Մարդու իրավունքների և ժողովրդավարության պահպանում. Պատժամիջոցները կարող են կիրառվել, որպեսզի ճնշումներ գործադրվեն կառավարությունների վրա՝ ստիպելով հարգել մարդու իրավունքները, վերջ դնել ռեպրեսիվ քաղաքականությանը և անցնել ժողովրդավարական կառավարման:
գ. Զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելում. Պատժամիջոցները նպատակ ունեն զսպել միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենքի ստեղծումն ու տարածումը` սահմանափակելով տեխնոլոգիաների, նյութերի և ֆինանսավորման հասանելիությունը:
դ. Ահաբեկչության դեմ պայքար. Պատժամիջոցները կարող են թիրախավորել ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված անհատներին և կազմակերպություններին՝ սահմանափակելով նրանց ֆինանսական ռեսուրսներն ու տեղաշարժը։
ե. Տնտեսական հարկադրանք. Պատժամիջոցները կարող են օգտագործվել տնտեսապես ճնշելու և թիրախ հանդիսացող օբյեկտի տնտեսական քաղաքականության կամ աշխարհաքաղաքական դիրքորոշման վրա ազդելու համար:
Ազդեցությունը և արդյունավետությունը
Տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը շարունակական քննարկման թեմա է։ Պատժամիջոցների կիրառումը միշտ չէ, որ արագ արդյունք է ապահովում, իսկ արդյունավետությունը հաճախ կախված է մասնակից երկրների քանակից։
Թեև դրանք կարող են փոխել թիրախ հանդիսացող անձանց և կազմակերպությունների վարքագիծը, սակայն երբեմն կարող են նաև հանգեցնել անցանկալի հետևանքների.
ա. Ակնկալվող ազդեցությունները. Պատժամիջոցները կարող են ազդել դիվանագիտական բանակցությունների ուղղությունների վրա, բերել քաղաքականության փոփոխությունների և նպաստել միջազգային նորմերի պահպանմանը:
բ. Չնախատեսված հետևանքներ. Պատժամիջոցները կարող են տնտեսական դժվարություններ առաջացնել խաղաղ բնակիչների համար՝ հանգեցնելով հումանիտար ճգնաժամերի, սև շուկաների առաջացման և կոռուպցիայի: Որոշ դեպքերում դրանք կարող են սրել ազգայնական տրամադրությունները և արմատավորել գործող վարչակարգերը:
Մարտահրավերներ
Տնտեսական պատժամիջոցները ստեղծում են մի շարք խնդիրներ, որոնք չպետք է դուրս մնան ուշադրությունից.
ա. Հումանիտար խնդիրներ. Պատժամիջոցները կարող են անհամաչափորեն ազդել խոցելի բնակչությանը՝ ազդելով առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիության վրա, ինչպիսիք են սնունդը, դեղորայքը և հիգիենայի նվազագույն պարագաները։
բ. Պատժամիջոցների շրջանցում և սև շուկաների ձևավորում. թիրախավորված անձնինք կամ կազմակերպությունները կարող են միջոցներ գտնել ապօրինի առևտրային ցանցերի միջոցով պատժամիջոցները շրջանցելու համար՝ այսպիսով թուլացնելով արգելքների ազդեցությունը: Սա հատկապես արդի է ներկայիս՝ գլոբալիզացիայի ժամանակաշրջանում, քանի որ խոշոր շուկաները հեշտացնում են առևտրային ուղիների փոխարինումը։
գ. Աշխարհաքաղաքական խնդիրներ. Պատժամիջոցների կիրառումը կարող է սրել երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները՝ հանգեցնելով միությունների կամ դաշինքների անդամների չնախատեսված փոփոխությունների:
դ. Տևողություն և պատժամիջոցներից դուրս գալու ռազմավարություն. Պատժամիջոցների տևողությունը և արդյունավետությունը դժվար է կանխատեսել: Հիմնականում դրանք երկարաժամկետ են և արդյունավետ, երբ կիրառվում են մի քանի երկրների կամ կազմակերպությունների կողմից, իսկ չնախատեսված երկարաժամկետ հետևանքները կանխող և պատժամիջոցներից դուրս գալու ռազմավարությունների մշակումը բարդ և առանցքային նշանակության խնդիր է:
Եզրակացություն
Տնտեսական պատժամիջոցները երկակի ազդեցություն ունեցող գործիք են միջազգային դիվանագիտության ոլորտում։ Թեև դրանք կարող են արդյունավետ գործիքներ լինել խաղաղության, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության համար, միևնույն ժամանակ պետք է խելամիտ կերպով օգտագործվեն՝ հաշվի առնելով անցանկալի հետևանքների հավանականությունը:
Դիվանագիտական նպատակներին հասնելու և քաղաքացիական անձանց վնասը նվազագույնի հասցնելու միջև հավասարակշռություն հաստատելը պահանջում է մանրակրկիտ պլանավորում, միջազգային համագործակցություն և պատժամիջոցների ազդեցության շարունակական գնահատում:
[1] Elliot, Hufbauer, and Oegg, 2.