Համապատասխանության գործառույթի սկզբունքները և կառավարման արդյունավետությունը
Այս վերլուծությամբ AB Partners ընկերության կողմից ներկայացվում են Համապատասխանության գործառույթի սկզբունքներն ու կառավարման արդյունավետությունը, որը ֆինանսական կազմակերպություններում «Համապատասխանության գործառույթի նպատակներն ու առանձնահատկությունները» վերտառությամբ մեր նախորդ վերլուծության տրամաբանական շարունակությունն է։
Համապատասխանության գործառույթի սկզբունքները բանկերի համար բավականին համապարփակ ձևով սահմանված են Բանկային վերահսկողության Բազելյան Կոմիտեի հրապարակած «Համապատասխանությունը և համապատասխանության գործառույթը բանկերում» վերտառությամբ ուղեցույցում (Այսուհետ՝ Ուղեցույց)։ Ուղեցույցի սահմանումներն ու կարգավորման տրամաբանությունը հանգում են այն եզրակացությանը, որ բանկերում Համապատասխանությունը նախ և առաջ կառավարման մշակույթ է։
Համապատասխանությունը պետք է սկսվի «վերևից»։ Ուղեցույցում հատուկ նշվում է, որ «Ազնվության և միասնականության վրա հիմնված կորպորատիվ մշակույթում ղեկավարությունը պետք է օրինակ ծառայի բանկի ողջ անձնակազմի համար»։ Այն միայն համապատասխանության ստորաբաժանման կամ դրա աշխատակիցների պարտականությունը չէ, այլև հանդիսանում է ամբողջ բանկի գործունեության և կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասը։
Ուղեցույցը սահմանում է համապատասխանության գործառույթի հետևյալ 5 սկզբունքները․
Բարձր հանձնառություն
Համապատասխանության ռիսկի զսպումը պետք է լինի բանկի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում: Խորհուրդը պատասխանատու է համապատասխանության քաղաքականության հաստատման համար, որն էլ հիմք է հանդիսանում համապատասխանության կայուն և արդյունավետ գործառույթի ներդրման համար: Խորհրդին պետք է ներկայացվի հաշվետվություն համապատասխանության ռիսկի զսպման արդյունավետության վերաբերյալ: Տնօրինությունը պատասխանատու է Խորհրդի կողմից ընդունված քաղաքականության հիման վրա գործառույթի արդյունավետ ներդրման համար:
Անկախություն
Համապատասխանության գործառույթը պետք է լինի անկախ: Անկախության սկզբունքն իր հերթին ներառում է 4 բաղադրիչ.
- Առաջին՝ համապատասխանության գործառույթը պետք է ունենա պաշտոնական կարգավիճակ,
- Երկրորդ՝ համապատասխանության գործառույթը պետք է ունենա ղեկավար և աշխատակազմ,
- Երրորդ՝ այլ գործառույթների իրականացմանը զուգահեռ համապատասխանության գործառույթի իրականացումը պետք է հստակ տարանջատված լինի և բացառի շահերի բախման հնարավոր իրավիճակները,
- Չորրորդ՝ տեղեկատվության հասանելիություն։ Այսինքն՝ համապատասխանության գործառույթն իրականացնող աշխատակիցներին պետք է հասանելի լինեն իրենց պարտականությունների կատարմանն առնչվող բոլոր տեղեկությունները: Անկախության սկզբունքը, սակայն, չի նշանակում, որ համապատասխանության գործառույթ իրականացնողը չի կարող սերտորեն համագործակցել այլ կազմակերպակառուցվածքային մարմինների ղեկավարների և աշխատակիցների հետ։ Ընդհակառակը, այս սկզբունքները երաշխիք են վերոնշյալ մարմինների միջև կայուն փոխհարաբերությունների հաստատման համար։
Սեփական միջոցների առկայություն
Այս սկզբունքը կարելի է բաժանել երկու բաղադրատարերի.
- Նյութական, ինչը ենթադրում է, որ համապատասխանության գործառույթ իրականացնող ստորաբաժանումը պետք է ունենա առանձնացված գույք, միջոցներ, որակավորված աշխատակիցներ իր պարտականությունների պատշաճ կատարումը ապահովելու համար, իսկ այլ գործառույթների հետ համատեղման դեպքում պետք է առնվազն առանձին ներկայացված լինի աշխատատեղի նկարագրում:
- Մտավոր, ինչը ենթադրում է, որ համապատասխանության գործառույթներ իրականացնող աշխատակիցները պետք է անցնեն վերապատրաստումներ, ունենան որակավորումներ, խորությամբ տիրապետեն ոլորտային օրենքներին, ենթաօրենսդրական ակտերին, միջազգային ստանդարտներին:
Պարտականություններ
Համապատասխանության ստորաբաժանման հիմնական պարտականությունը շահագրգիռ բոլոր ստորաբաժանումների կողմից համապատասխանության քաղաքականության հետևողական իրագործման նկատմամբ հսկողության իրականացումն է, համապատասխանության ռիսկի բացահայտումը և զսպումը, ուսուցողական ծրագրերի իրականացումը՝ համապատասխանության քաղաքականության իրագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Համաձայն Ուղեցույցի՝ համապատասխանության գործառույթի պարտականությունների շարքին են դասվում նաև խորհրդատվությունը, համապատասխանության գործառույթի իրականացման ծրագրին համապատասխան գործելը և այլն։
Պատվիրակում
Համապատասխանության առանձին գործառույթներ կարող են պատվիրակվել, սակայն Համապատասխանությունը պետք է լինի բանկի ռիսկերի կառավարման հիմնական առանցքը, և պատվիրակված առանձին գործառույթները պետք է լինեն համապատասխանության ղեկավարի պատշաճ վերահսկողության ներքո։
Կառավարման արդյունավետության տեսանկյունից միջազգային պրակտիկայում համապատասխանության գործառույթն իրականացվում է 2 տարբերակով.
- Համապատասխանության ստորաբաժանումը ներառված է Ռիսկերի կառավարման կառուցվածքում,
- Առանձին կառուցվածքային միավոր է:
Եթե բանկում առկա է Համապատասխանության մշակույթ և բարձր հանձնառություն, ապա, թե կառուցվածքային ինչպիսի ենթակայություն պետք է ունենա Համապատասխանության ստորաբաժանումը, յուրաքանչյուր բանկ ինքը պետք է որոշի։ Ցանկացած տարբերակի ընտրության դեպքում պետք է ապահովվի, որպեսզի Համապատասխանության ստորաբաժանումն ունենա անհրաժեշտ լիազորություններ վճռական որոշումներ կայացնելու համար և օժտված լինի վերը նշված սկզբունքներով։