Ո՞րն է համապատասխանության գործառույթի նպատակը և ինչո՞վ է այն տարբերվում այլ ստորաբաժանումների գործառույթներից

Ժամանակակից աշխարհում կորպորատիվ կառավարման մշակույթ ունեցող կազմակերպություններում մեծ կարևորություն է տրվում Համապատասխանության գործառույթին։ Սույն վերլուծությամբ AB Partners ընկերությունը ներկայացնում է, թե որն է ֆինանսական հաստատություններում Համապատասխանության գործառույթի իրականացման նպատակը, տարբերությունը ներքին աուդիտի և այլ ստորաբաժանումների գործառույթներից: Հաջորդ վերլուծություններում կանդրադառնանք նաև Համապատասխանության գործառույթի գործունեության սկզբունքներին և կառավարման արդյունավետությանը։

Համապատասխանության գործառույթի նպատակն է համոզվել, որ կազմակերպությունը գործում է իր միջավայրի պահանջներին, այն է՝ գործող օրենքներին, կարգերին, ներքին իրավական ակտերին, էթիկայի կանոններին և միջազգային ստանդարտներին համապատասխան, իսկ իրավական, պատժամիջոցների, բարի համբավի ու հեղինակության ռիսկերը (ընդհանրացված՝ համապատասխանության ռիսկ) զսպված են:

Համապատասխանության ապահովման գործառույթի ներդրման ժամանակ ֆինանսական կազմակերպությունները հիմնականում բախվում են հետևյալ երկու հարցերին.

Ո՞րն է տարբերությունը ներքին աուդիտի գործառույթից, և ինչպե՞ս խուսափել գործառույթների միախառնումից,
Արդյո՞ք միջազգային պատժամիջոցներին վերաբերող հարցերը Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի գործառույթ չեն և, հետևաբար, դրանցով պետք է զբաղվի Ներքին Դիտարկումների Մարմինը (ՆԴՄ)։

Համապատասխանության գործառույթի տարանջատումը ներքին աուդիտից

Համապատասխանության ապահովման և Ներքին աուդիտի ստորաբաժանումներն ունեն նպատակային և գործառութային հստակ տարբերություններ, որոնք հանգում են հետևյալ հիմնական կետերին.

Համապատասխանության ստորաբաժանման խնդիրն ու հիմնական նպատակն է ապահովել կազմակերպության ընթացիկ հսկողությունը, որպեսզի կնքվող գործարքները և դրանց վերաբերող ներքին ընթացակարգերը համադրելի լինեն գործող օրենքներին և միջազգային լավագույն փորձին, այդ ընթացակարգերից հնարավոր շեղումները լինեն ընդունելի, իսկ խախտումները նախապես բացահայտվեն և բացառվեն, ուսումնասիրվեն պատճառները, իրականացվեն շտկումներ։ Այս տեսանկյունից համապատասխանության ստորաբաժանման առանցքային գործառույթներից է իրազեկիչ, ուսուցողական միջոցառումների իրականացմամբ կազմակերպությունում համապատասխանության մշակույթի ձևավորումը։
Ներքին աուդիտի խնդիրն ու հիմնական նպատակն է վերահսկել և հաստատել, որ կազմակերպությունը գործում է իր ներքին ընթացակարգերին համապատասխան, ինչպես նաև առկա են խախտումների բացահայտման և շտկման ընթացակարգեր։ Ներքին աուդիտի ստորաբաժանման խնդիրներից չի բխում ընթացիկ հսկողության իրականացումը ներքին ընթացակարգերի արդիականության և միջազգային լավագույն փորձին համադրելիության պահպանման նկատմամբ:

Համապատասխանության ապահովման գործառույթի տարանջատումը ՆԴՄ-ից

Համապատասխանության ապահովման և ՆԴՄ-ի ստորաբաժանումները ևս ունեն գործառույթային հստակ տարբերություններ.

Ֆունկցիոնալ առումով համապատասխանության գործառույթը ավելի լայն է և հիմնականում առնչվում է ֆինանսական գործարքներում զեղծարարություններին, ՓԼ/ԱՖ և միջազգային պատժամիջոցների ռիսկի բացահայտմանը, գնումների ոլորտին, հարկային օրենսդրությանը, շուկայի չարաշահումներին, շահերի բախման ուսումնասիրությանը, անձնակազմի կառավարման հետ կապված հարցերում անձնական տվյալների պաշտպանությանը, էթիկայի կանոններին, կոռուպցիոն երևույթների չեզոքացմանը և այլն:
ՆԴՄ-ի պարտականությունները կապված են ՓԼ/ԱՖ ոլորտում բոլոր հարցերի հետ՝ սկսած ռիսկերի ուսումնասիրությունից, դրանց գնահատման և ռիսկի ախորժակի սահմանման հետ կապված աշխատանքների կոորդինացումից մինչև կատարվող գործարքների հաշվետվությունների ներկայացում, մոնիտորինգ, ռիսկային գործարքների բացահայտում, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ներքին գործընթացների ու ընթացակարգերի համակարգում։

Ոչ պակաս կարևոր են այս երեք գործառույթների ենթակայությունը կազմակերպության կորպորատիվ կառավարման համակարգում, և այն, թե կառավարման որ միավորին են դրանք օժանդակում։ Այսպես, եթե ներքին աուդիտի ստորաբաժանումը ենթարկվում և օժանդակում է կազմակերպության խորհրդին, ապա համապատասխանության ստորաբաժանումը և ՆԴՄ ստորաբաժանումը գործում են գործադիր մարմնի ենթակայությամբ և օժանդակում են գործադիր մարմնին։ Ելնելով կոնկրետ ֆինանսական կազմակերպության կառավարման մոդելից՝ այս երկու ստորաբաժանումների գործառույթները կարող են լինել նաև մեկ ընդհանուր ստորաբաժանման կառուցվածքում, սակայն նրանք առանձին-առանձին պետք է ունենան գործառնական անկախություն վճռական որոշումներ կայացնելու համար, և իրենց կողմից բարձրացված հարցերը և կատարված աշխատանքները պետք է ներկայացվեն խորհրդին կամ խորհրդին կից Համապատասխանության կոմիտեին։

Այսպիսով, թե՛ Համապատասխանության, թե՛ ՆԴՄ ստորաբաժանումը, ունենալով տարբեր նպատակներ ու գործառույթներ, պետք է սերտորեն համագործակցեն միմյանց հետ Համապատասխանության ռիսկերի բացահայտման և կանխարգելման հարցերում, իսկ ներքին աուդիտի տարեկան գործունեության ծրագրում պետք է ներառված լինի վերջիններիս գործունեության ուսումնասիրությունը։